Կգա ժամանակն ու օրը, երբ կշրջափակվի նաև կառավարության շենքը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիրների նախաձեռնած՝ արդեն շուրջ 30 օր տևող փողոցային պայքարը, անհնազանդության գործողությունները համարում է Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ, ըստ նրա՝ ճնշումն ու տեմպն ուժեղացնելով կհասնեն իրենց նպատակին: Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում:
Նախ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են օրինակ նախորդ օրը շրջափակել նախագահի նստավայրը, երբ նախագահն այնտեղ չէր և ինչո՞ւ օրինակ չեն շրջափակել կառավարության շենքը, որտեղ մայիսի 26-ին կառավարության նիստ էր տեղի ունենում՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենց խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն է, և, որ իրենք, նախագահի նստավայրը, ԱԽ շենքը շրջափակելով, ըստ էության, կասեցրել են տվյալ հաստատությունների աշխատանքը և իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծել: «Կգա ժամանակն ու օրը, երբ կշրջափակվի նաև կառավարության շենքը: Մենք ծրագրավորված իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները, և ըստ տվյալ օրվա ռեսուրսի, նպատակահարմարության որոշում ենք, թե որ շենքը պետք է ենթարկվի շրջափակման և ինչ պահանջներով»,-ասաց Սաղաթելյանը: