Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noravanq
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Նորավանքը» չի մասնակցի եվրոգավաթներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը։

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body-CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն: Այդ հիմքով  ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու «Նորավանք» ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը որոշել է «Նորավանք» ՍԱ-ի դիմումի քննարկման վերաբերյալ վարույթ չսկսել և արձանագրել, որ ակումբը չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն այսօր կայացած նիստում որոշեց, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն չի համապատասխանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին, հետևաբար չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու։

Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի և ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումների հիման վրա 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու են հետևյալ 4 ակումբները.

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի Չեմպիոն

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած ակումբներ:

Նշենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Երևանի «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան», իսկ 3-4-րդ տեղերին հավակնում են «Ալաշկերտն» ու «Արարատը»: