Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Պաշտոնական

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում Թանգարանային գիշերը նշանավորվեց մի շարք նախագծերով

Մայիսի 21-ին Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանի այցելուները «Մեկ ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում ծանոթացան երկու յուրահատուկ ցուցանմուշի. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին՝ եռալեզու աուդիո ուղեցույցով և Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակին՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ուղեկցությամբ:

Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները ճաշակեցին «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

Համաեվրոպական միջոցառման շրջանակում տուն-թանգարանի հաջորդ նախագիծն էր «Հանդիպումը կոմպոզիտորի պատշգամբում»: Հյուրերն էին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և պրոդյուսեր, կարիերային ինքնորոշման փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:

Նրանք անմիջական ու ջերմ մթնոլորտում իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կիսվեցին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտներն հետ: Յուրաքանչյուր տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն- թանգարանի պուրակում անցկացվում է երեկոյան բացօթյա համերգ: Այս տարին նույնպես բացառություն չէր:

Միջոցառման մասնակիցներն էին Երևանի Մ. Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Ա. Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շ. Ազնավուրի անվ. մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները և ԵՊԿ ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրված էր հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան՝ Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյակին:

Ծրագրում ընդգրկված էին հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և մշակույթի քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: