Բացել լրահոսը Փակել լրահոսը
Համաշխարհային բանկ
A A
Հասարակություն

Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրին

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 23-ին Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (ԿԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկ է հաստատել։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից, ծրագրի միջոցով Կառավարությանը հավելյալ աջակցություն կտրամադրվի Հայաստանում տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման և բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի  և համապատասխանության բարձրացման համար։

Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի փոփոխական սպրեդով (սփռվածք) ՎԶՄԲ վարկ կտրամադրի, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25 տարի։ Կառավարության մասնակցությունը 6․25 միլիոն դոլար է կազմում։ 1992 թ․ Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,502,870 միլիոն դոլար են կազմել։

 
 

Նշվում է, որ կրթական երեք աստիճաններն ընդգրկող ծրագիրը կօգնի Հայաստանի երեխաների կրթական հետագծի և մարդկային կապիտալի ուժեղացմանը և համահունչ է կառավարության ու ոլորտային միջնաժամկետից երկարաժամկետ ռազմավարություններին։

«Հավասար և որակյալ կրթական համակարգի ստեղծումն առանցքային է ոչ միայն աճի, այլև Հայաստանի երիտասարդներին ավելի պայծառ ապագայի հույս տալու համար: Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի և բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի և մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարևոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը և տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

 

Ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի. առաջին բաղադրիչով կշեշտադրվի հանրակրթության որակի բարձրացումը՝ չորսից վեց տարեկան երեխաների համար նախատեսված լրացուցիչ 80 համայնքային նախակրթարանների ֆինանսավորմամբ, ինչպես նաև նոր նախակրթարաններում նշանակված ուսուցիչների և տնօրենների վերապատրաստմամբ։ Սեյսմիկ առումով վատ վիճակում և կլիմայական ռիսկի գոտում գտնվող՝ բարձր դասարանների համար նախատեսած չորս միջնակարգ դպրոց կհիմնանորոգվի  և կվերանորոգվի։

Բացի այդ, այս բաղադրիչի շրջանակում խրախուսվելու է տվյալներով առաջնորդվող՝ փաստահենք քաղաքականության մշակումը՝ կառավարումը, դասավանդումն ու ուսումնառությունը բարելավելու նպատակով։ Հանրակրթական դպրոցների 200 լաբորատորիաներ կվերազինվեն սարքավորումներով, կկահավորվեն և կապահովվեն ռեսուրսներով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների վերանայված ուսումնական ծրագրի համատեքստում ուսուցման նախագծահենք մոտեցումը մատուցելու հարցում ուսուցիչներին օգնելու համար։

Երկրորդ բաղադրիչով կֆինանսավորվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ-եր) նախագծերը՝ աշխատաշուկային համապատասխանությունը, կազմակերպական արդյունավետությունը և ընդգրկման  ու այլ հնարավորությունների հավասարությունը բարելավելու համար։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում առաջարկների ներկայացման մրցույթով ողջունելի կհամարվեն թե՛ համալսարաններում և թե՛ հիմնական կրթության ոլորտում ԲՏՃՄ կրթության ամրապնդման համար նորարարական մոտեցումների մշակման նպատակադրումով նախագծերը։

«Սույն ծրագիրը կխթանի, որ ԲՈՒՀ-երը ԲՏՃՄ ուսումնական բնագավառում և աշխատատեղերում ավելի մեծ թվով իգական սեռի ուսանողների ներգրավեն  և ուսուցման ծրագրերում իգական սեռի դասավանդող ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենան: Առաջարկվող աշխատանքների ցանկացած փուլում համայնքում ուսուցիչների, ծնողների և ուսանողների հետ հաճախակի կլոր-սեղանները կբարելավեն քաղաքացիների ներգրավվածությունը և կրթական վերջնարդյունքների մասնակցային մշտադիտարկումը»,- ասել է ծրագրի՝ Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը։