Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջեֆրի Ֆլեյք
A A
Քաղաքականություն

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ թուրքական կողմի մտահոգությունն են հղել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության կապակցությամբ: Ermenihaber-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է  Solhaber-ը։

Ընդդիմադիր «Ժողովրդայանրապետական» կուսակցության կազմակերպած հանրահավաքի առիթով ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում է արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կոշտ միջամտությունների մասին: Միաժամանակ ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ էր արվել խուսափել հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին ներկա գտնվելուց:

Հայտարարության մեջ ոստիկանության կողմից կոշտ գործողությունների հավանականությունը հիմնավորվել էր նախկինում արցունքաբեր գազի, պլաստիկ փամփուշտների ու ջրցան մեքենաների կիրառման նախադեպերով։

Այդ գնահատականները դուր չեն եկել Թուրքիայի ղեկավարությանը, և այդ երկրի ԱԳՆ-ում ամերիկացի դեսպանին ասել են, որ հանրահավաքների ժամանակ թուրքական ուժային ստորաբաժանումների կիրառած կոշտ միջոցների մասին պնդումները հիմնազուրկ են։

Ավելի ուշ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն է նմանատիպ հայտարարություն տարածել` ԱՄՆ-ում բնակվող իր քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ հանրահավաքներին ու խոշոր միջոցառումներին մասնակցելուց: Հայտարարության մեջ խոսվել է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու նախկին դեպքերի մասին: