Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (5)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում բաց թողնել երկրորդ անընդմեջ եզրափակիչը

Հռոմի «Ռոմայի» բժշկական շտաբն ամեն ինչ անում է, որպեսզի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ լինի Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչ խաղին: Այդ մասին տեղեկացնում է Corriere della Sera թերթի թղթակից Լուկա Վալդիսերին:

Հայ ֆուտբոլիստը շարքից դուրս էր եկել ապրիլի 28-ին, Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ փուլի անգլիական «Լեսթերի» հետ առաջին խաղում, երբ վնասել էր աջ ոտքի մկանը: Նրա ապաքինումը սպասվածից երկար է տևում, սակայն թիմի բժիշկներն ամեն ինչ անում են, որ հայ ֆուտբոլիստը շուտ վերականգնվի:

Այժմ Հենրիխ Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով: Նա բաց կթողնի նաև Իտալիայի առաջնության վերջին տուրի «Տորինոյի» հետ հանդիպումը, որպեսզի ավելորդ ռիսկի չդիմի: Այդ խաղը տեղափոխվել է և կկայանա մայիսի 20-ին:

Ըստ լրագրողի, Հենրիխ Մխիթարյանը նույնպես շահագռգռված է եզրափակիչ խաղին պատրաստ լինելու հարցում, քանի որ նա կարող է երկրորդ անգամ անընդմեջ բաց թողնել նման նշանակալից միջոցառումը: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ հայ ֆուտբոլիստը ստիպված էր հրաժարվել Եվրոպայի լիգայի եզրափակչից, քանի որ այն կայանում էր Բաքվում: