Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess blic
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը Իսպանիայում հաղթել է բլիցի մրցաշարերում

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է իսպանական Ֆորմենտերայում կայացած բլիցի երկու մրցաշարերում։

Մեր հայրենակիցը առաջին մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և լեհ Լուկաշ Յամուլայի հետ կիսել է առաջին տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով նա ճանաչվել է հաղթող: Շանթ Սարգսյանն այդ մրցաշարում 6,5 միավորով գրավել է 3-րդ տեղը:

Բլիցի երկրորդ մրցումներում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից արդեն վաստակել է 7,5 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը: Նրանից կես միավորով ետ է մնացել Շանթ Սարգսյանը: Լավագույն եռյակը եզրափակել է նիդեռլանդցի Լիամ Վրոլիյկը, որը վաստակել է 6 միավոր:

Ինչ վերաբերում է դասական մրցաշարին, ապա մեր շախմատիստները շարունակում են պայքարել գլխավոր մրցանակի համար: Շանթ Սարգսյանը 8 տուրից հետո 6 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատար Դոմառաջու Գուկեշից: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 5,5 միավոր և առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը:

Այսօր տեղի կունենան նախավերջին` 9-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սպիտակներով կհանդիպի իսպանացի գրոսմայստեր Ֆերնանդո Կուենկայի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը սևերով կմրցի վրացուհի գրոսմայստեր Նինո Բաթիաշվիլու հետ: