Հենրիխ Մխիթարյանը կպայքարի եվրոպական 2-րդ գավաթի համար
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Այդ իրավունքը նվաճեցին իտալական «Ռոման» և նիդեռլանդական «Ֆեյենոորդը»:
Հռոմեական ակումբը կիսաեզրափակիչ պատասխան խաղում իր հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց անգլիական «Լեսթերին» և առաջին անգամ նվաճեց այդ մրցաշարի եզրափակիչի ուղեգիր, քանի որ առաջին մրցախաղն ոչ-ոքի էր ավարտվել` 1:1:
Իտալական թիմում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց պատասխան հանդիպումը, քանի որ վնասվածք էր ստացել հենց Անգլիայիում կայացած խաղում: Մեր հայրենակիցը երկրորդ անգամ կպայքարի եվրոպական գավաթի համար: 2017 թվականին նա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը:
Եզրափակիչում «Ռոման» կխաղա Ռոտերդամի «Ֆեյենոորդի» հետ, որը կիսաեզրափակիչ երկու հանդիպումների արդյունքներով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»` 3:2, 0:0:
Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլին մասնակցել է նաև Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը», որը 6 խաղում վաստակելով ընդամենը մեկ միավոր, խմբում գրավել է վերջին տեղը և դուրս մնացել պայքարից: