Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանի պատասխանը Հաջիևին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։

-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Ո՞րնէ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:

- Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի: