Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (15)
A A
Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականը երեկ Ծաղկաձորում ավարտել է ուսումնամարզական հերթական հավաքը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր ծանրորդները հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ լրջորեն նախապատրաստվում են Ալբանիայի  մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Մայիսի 3-ից մեր հավաքականը նախապատրաստական մարզումները կշարունակի Աբովյանի մարզահանգրվանում: Մարզիչները պարապմունքների ժամանակ հիմնականում ուշադրություն են դարձնելու վարժությունների կատարման տեխնիկային:

Կարևոր պայմաններից է նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը: Թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ասել է, որ եղած վնասվածքները գրեթե բուժվել են, ուստի թիմում ընդհանուր մթնոլորտը առողջ է:

Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի մայիսի 28-ին։