Համապատասխան զննում չանցած գազաբալոններով մեքենաները չեն սպասարկվի լցակայաններում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երբ որ մեքենան գնաց կայան, ստուգվեց, իրեն ոչ միայն թղթային տարբերակով, այլև էլեկտրոնային տարբերակով տվյալները լրացվում է։ Գազալցակայանի աշխատակիցը լիցքավորելուց առաջ համարը հավաքելով համակարգի մեջ տեսնում է մեքենան անցել է ստուգում, թե չէ։ Եթե չի անցել, չի լիցքավորում, եթե անցել է կլիցքավորվի»։
Կառավարության նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Համապատասխան զննում չանցած գազաբալոններով մեքենաների գազալցակայաններում սպասարկման նոր կարգը։
«Որոշման նախագծով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ծրագրային ապահովման նպատակով ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումը»,-ներկայացրեց նախագիծը։
Նախարարը հիշեցրեց, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին ընդունվել են երկու որոշումներ և կարգեր, որն էլ այս գործընթացի սկիզբ է դրել և հիմա այս գործընթացի մի մաս է կազմում էլեկտրոնային շտեմարանի առկայությունը։ Հայտարարվել է մրցույթ և շահող ընկերությունը 23 միլիոն 400 հազար դրամով հաղթող է ճանաչվել։ Նախարարի խոսքով՝ օգոստոսի մեկից համակարգը կսկսի գործել։
Նախարարն ընդգծեց, որ համակարգում այս պահին լուրջ խնդիրներ կան։ Տեղի են ունենում գազաբալոնային համակարգի խափանումներ, պայթյուններ։
Նոր նախագծի համաձայն Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն երկու տարին մեկ անգամ, կան որոշ տեսակի բալոններ, որոնց դեպքում թույլատրվելու է երեք տարին մեկ անգամ ստուգել։
Նախարարի խոսքով՝ շտեմարանը ղեկավարվելու է ՏԿԵ նախարարության կողմից, բայց մի շարք ընկերությունների թույլատրվելու է օգտվել այդ համակարգից։ Մասնավորապես կարող են օգտվել գազալցակայաններն ու տեսչական մարմինները։