Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool 1
A A
Սպորտ

«Լիվերպուլը» կիսով չափ խորտակեց «դեղին սուզանավին». Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը «Լիվերպուլի» և  «Վիլյառեալի» միջև չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները:

 

Դրա մեղավորը իսպանական թիմն էր, որն ընտրել էր խորը պաշտպանական մարտավարություն: Ուստի, «դեղին սուզանավն» (այդպես են անվանում իսպանական թիմին դեղին գույնի մարզահագուստ կրելու համար) ամբողջ խաղի ընթացքում միայն մեկ «տորպեդ արձակեց» տանտերերի դարպասի ուղղությամբ, այն էլ շեղ:

 

«Լիվերպուլը», հակառակը, անընդհատ գրոհում էր և հյուրերին թույլ չէր տալիս շունչ քաշել մի փոքր հանգիստ առնելու համար: Առաջին խաղակեսում լիվերպուլցիները երկու անգամ ստուգեցին մրցակցի դարպասաձողի ամրությունը, իսկ երկրորդում երեք անգամ գրավեցին դարպասը: Առաջին դեպքում մրցավարը խաղից դուրս վիճակ գրանցեց, մյուս երկուսում ցույց տվեց դաշտի կենտրոնը:

 

Անգլիացիներն այդ գոլերից հետո մի փոքր թուլացրին ճնշումը, սակայն շարունակում էին լիովին վերահսկել խաղի ընթացքը: Արդյունքում, նրանք 2:0 հաշվով հաղթանակ տարան և այժմ վստահորեն կպատրաստվեն պատասխան խաղին, որը կկայանա մայիսի 3-ին, Վիլյառեալում: