Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Հասարակություն

Վարչապետը ցավակցություն է հայտնել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արձագանքել է ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում մի շարք հարցերի:

Տարոն Չախոյանը նախ պատասխանել է այն հարցին, թե ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:

«Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երեւացել ու չէր կարող երեւալ:  Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրը անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին եւ իրավապահներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Չախոյանը:

Տարոն Չախոյանը նաև արձագանքել է այն հարցին, թե ինչու՞ ՃՈ աշխատողները չեն կանգնել օգնություն ցուցաբերելու: Չախոյանը նշել է, որ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթեւեկությունը եւ լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաեւ հարակից փողոցներում, այսպիսով` խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին եւ տուժողին մոտենալուն:

«Նաեւ նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»,- գրել է Չախոյանը:

Չախոյանը նաև հայտնել է, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան եւ նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն: