Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան բադասյան
A A
Քաղաքականություն

Վահան Բադասյանի գործով՝ վերաքննիչ բողոք

Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ  հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

  Հիշեցնենք, որ  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Վահան Բադասյանին մեղավոր  ճանաչեց  եւ դատապարտեց 300.000 դրամ տուգանքի։ Վահան Բադասյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեջ։

Մեղադրանքն առաջադրվել էր Եռաբլուր զինվորական պանթեոնում  Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ կապված հայտարարությունից հետո։

«Իրականում քրեական գործի մեջ առկա նյութերը վկայում են, որ Վահան  Բադասյանն իրեն վերագրվող ենթադրյալ գործողություններից և ոչ մեկը չի կատարել։ Նշվածի ուղղակի ապացույցն է առաջադրած մեղադրանքի փաստական նկարագրությունը, ըստ որի Վահան Բադասյանը հայտարարել է «վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարկադրաբար, ներառյալ՝ զենքով և ֆիզիկապես հեռացնելու» մասին։ Արդյո՞ք Փաշինյանի հեռացումը նշանակում է իշխանությունը զավթել կամ սահմանադրական կարգը բռնի տապալել։ Վարչապետ Փաշինյանը (անձը) ոչ իշխանություն է, և ոչ էլ սահմանադրական կարգ»,- իր վերաքննիչ բողոքում նշել է Վահան Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

 Ըստ պաշտպանի՝ քրեական գործում առկա նյութերով հաստատվում է, որ դատավճիռը չունի ո՛չ փաստական, և ո՛չ էլ իրավական հիմքեր։ Ավելին, դատարանը դատավճռի մեջ չի էլ պատճառաբանել, թե Բադասյանի հնչեցրած մտքերը ում է ուղղված եղել՝ «պաշտոնատար անձ» հասկացությանը, թե՞ «պետական իշխանություն» հասկացությանը։

 Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով եւ հռչակելով Վահան Բադասյանի անմեղությունը կամ քրեական գործն ուղարկել նոր քննության։