Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I3654
A A
Պաշտոնական

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:  Ըստ հաշվետվության՝  ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8%-ով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ:

 

Ինչպես նշել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմով և քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով: Հարկաբյուջետային, դրամավարկային և տնտեսական  քաղաքականությունների համադրման  արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է  5,7 տոկոս՝ կանխատեսված 3,2-ի դիմաց: Փոխնախարարը նշել է, որ 2021-ի բարելավվել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14,5 տոկոսով: Արդյունքում՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.3 տոկոսով, հասնելով պատմական ամենաբարձր մակարդակի՝ 22,7 տոկոս: 2021 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%՝ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի նպատակային՝ (4 +/- 1.5%) ցուցանիշը: Տարվա ընթացքում, հաշվի առնելով ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է երկու կարևոր ցուցանիշ. առաջին՝ ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարվել են բյուջեի եկամուտները և երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերն 100 տոկոսով իրականացվել են:

 

«Իհարկե, սրանք չափազանց կարևոր ցուցանիշներ են, բայց ես ուզում եմ խոսել 2022թ. բյուջեի մասին: Չնայած և՛ ծախսերի, և՛ եկամուտների մասով մենք հսկայական աճ ունեցանք, բայց 2022թ. բյուջեի և՛ ծախսերը, և՛ եկամուտները մենք կրկին  հսկայական չափով ավելացրեցինք: Հունվար-փետրվարին լավատեսական տրամադրություններ կային այդ առումով, բայց փետրվարի վերջին և մարտին աշխարհքաղաքական իրադարձությունների բերումով մենք որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք:  Մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան, որովհետև ուզում եմ ընդգծել, որ առայժմ, այս պահի դրությամբ մենք շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով: Այսինքն՝ գերակատարման ռեժիմով ենք առայժմ առաջնորդվում»,-ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխատատեղերի ցուցանիշներին. 2022թ. մարտին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «2022թ. մարտ ամսվա տվյալները զիջում են միայն 2021թ. դեկտեմբերի տվյալներին: Մարտ ամսին  ունեցել ենք 654784 աշխատատեղ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է 32622 աշխատատեղով կամ 5.3 տոկոսով, 2020թ. որպես ճգնաժամային տարի մենք չենք էլ համեմատում, համարելով, որ ցածր են ցուցանիշները, 2019թ. համեմատ ավելի են 70714 աշխատատեղով կամ 12.1 տոկոսով:  2018թ. մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 120660-ով կամ 22.4 տոկոսով: Այսինքն՝ 2018թ.-ից ի վեր մենք ունենեք 120660 նոր արձանագրված աշխատատեղ:

 

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: 2022թ. մարտի տվյալով միջին ամսական աշխատավարձը կազմել է 243607 դրամ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է  32202 դրամով կամ 15.2 տոկոսով,  2019թ. համեմատ ավելի է  59730 դրամով կամ 32.4 տոկոսով, իսկ 2018թ. մարտի համեմատ ավելի է 69530 դրամով կամ 39.9 տոկոսով»:

 

Անդրադառնալով այլ ցուցանիշներին ևս՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շատ որակական ցուցանիշներ են և վկայում են կոնկրետ արդյունքների մասին: