Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակությանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, Հորդանանում ավանդաբար հայ համայնքի առկայությունը, Հանրապետության նախագահի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար: Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր գլխավորած պատվիրակությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրների համագործակցությունը շարունակաբար զարգանա և ընդլայնվի:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է կայուն խաղաղության հաստատումը՝ երկխոսության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: