Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Նեապոլում. Մխիթարյանը փոխարինման մտավ

Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական դաշտում ընդունեց Հռոմի «Ռոմային»: Երկու թիմերն էլ պայքարում են չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար:

Խաղը վստահ սկսեցին դաշտի տերերը, որոնք արդեն 11-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ նեապոլցիների ռմբարկու Ինսինյեն: «Նապոլիին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը մինչև 90+1 րոպեն, երբ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ 15 րոպե առաջ փոխարինման մտած Ստեֆան Էլ Շարավին: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

«Ռոմայի» կազմում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն արդեն ընդմիջմանը նա փոխարինեց Բրայան Քրիստանտեին: Մասնագետները մեր ֆուտբոլիստի խաղը գնահատել են 6,5 բալով, որը երրորդ ցուցանիշն է Էլ Շարավիից և պաշտպան Սմոլինգից հետո:

«Նապոլին» վաստակել է 67միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: «Ռոման» նրանից արդեն հետ է մնում 9 միավորով:

Հաջորդ տուրում հռոմեացիները կհյուրընկալվեն առաջնության պոտենցիալ առաջատար Միլանի «Ինտերին»: Այդ խաղը կկայանա ապրիլի 23-ին: