Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga (2)
A A
Սպորտ

«Բարսելոնան» չկարողացավ հանձնել «գերմաներենի քննությունը». ԵԼ 

Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների քառորդ եզրափակիչ փուլերը:

Առաջին մրցաշարում ամենամեծ անակնկալը մատուցեց գերմանական «Այնտրախտը», որը հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնայի» և մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ ֆրանկֆուրտցի ֆուտբոլիստները կհանդիպեն Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ, որը ֆրանսիական «Լիոնի» հետ պատասխան խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ` 3:0:

Անակնկալ մատուցեց նաև գերմանական մյուս թիմը` «ՌԲ Լայպցիգը», որը սեփական դաշտում չէր կարողացել հաղթել իտալական «Ատալանտային»` 1:1, բայց ահա հյուրընկալվելիս առավելության հասավ 2:0 հաշվով: Կիսաեզրափակիչում «կարմիր ցուլերը» կհանդիպեն Երևանի «Ալաշկերտի» նախկին մրցակից շոտլանդական «Ռեյնջերսի» հետ, որը լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց պորտուգալական «Բրագային» և նվաճեց ցանկալի ուղեգիրը:

Կոնֆերենցիայի լիգայում պատասխան խաղում ռևանշի հասավ միայն Հռոմի «Ռոման», որը  սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեց նորվեգական «Բոդո-Գլիմտին» և պայքարից դուրս թողեց մրցաշարի հայտնությունը դարձած թիմին: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց այդ հանդիպմանը:

Կիսաեզրափակիչում հռոմեական ակումբը կհանդիպի անգլիական «Լեսթերի» հետ, որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ նիդեռլանդական ՊՍՎ-ի նկատմամբ, չնայած սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել:

Այս մրցաշարում պայքարը կշարունակեն նաև Ռոտերդամի «Ֆեյենոորդն» ու «Մարսելը»: Նիդեռլանդական ակումբը սեփական դաշտում Պրահայի «Սլավիայի» հետ ոչ-ոքի` 3:3 խաղալուց հետո, Չեխիայի մայրաքաղաքում հաղթեց 3:1 հաշվով: Ֆրանսիական թիմը հունական ՊԱՕԿ-ի դաշտում 1:0 հաշվով հաղթանակ տարավ, և ամրապնդեց իր առավելությունը` 3:1:

Այդպիսով, եվրոպական երեք լիգաների քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո իրենց մասնակիցներից զրկվեցին ևս 4 երկրներ` Պորտուգալիան, Հունաստանը, Նորվեգիան և Չեխիան: Պատվավոր գավաթների համար պայքարը կշարունակեն 7 երկների ներկայացուցիչներ` 4-ը Անգլիայից, 2-ական Իսպանիայից և Գերմանիայից, մեկական` Իտալիայից, Ֆրանսիայից, Շոտլանդիայից և Նիդեռլանդներից:

Կիսաեզրափակիչ առաջին խաղերը կկայանան ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին: