Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պահանջում ենք ՀՀ իշխանությունից հրաժարվել իրենց աղետալի դիրքորոշումից․ ԱՀ ԱԺ հայտարարությունը (տեսանյութ)

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

       Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

Արցախահայության անունից դիմում ենք 

  • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն  կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
  • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում  առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
  •  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։

 

Ստեփանակերտ

14 ապրիլի 2022