Հայտնի են Հայաստանի բռնցքամարտիկների առաջին մրցակիցները
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանից այդ մրցումներում հանդես կգան 13 մարզիկ։ Վիճակահանությամբ արդեն հայտնի են մեր բռնցքամարտիկների անդրանիկ մրցակիցները։
Առաջինը ռինգ է դուրս գալու 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, որը 1/16 եզրափակիչում կհանդիպի վրացի Գիորգի Ախալայայի հետ։ Երեկոյան մրցահերթում Գոռ Ազիզյանը (54 կգ) կմրցի գերմանացի Դենիս Բրիլի, իսկ Տարոն Սարգսյանը (75 կգ)՝ անգլիացի Լուկ Տարների հետ։
Վաղը պայքարի մեջ կմտնեն Թումաս Թումասյանը (48 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ): Թումասյանը, Ալեքսանյանը և Հարությունյանը ելույթները կսկսեն 1/8, իսկ Իսրայելյանն ու Մկրտչյանը՝ 1/16 եզրափակիչից։
Արեն Ասլամազյանը (51 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ) ռինգ կմտնեն ապրիլի 16-ին։ Հովակիմյանն առաջին մարտում կհանդիպի թուրք Գոքթուրք Էրսունգուրի հետ։
Առաջնությունն ավարտվելու է ապրիլի 21-ին։