Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցերը 

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։

2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն հայտնել  մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկելով աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը։ 

Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։

Հանդիպման ավարտին Դենիս Մանտուրովը Վահան Քերոբյանին հրավիրել է մասնակցելու Տաշքենդում կայանալիք «INNOPROM. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն