Պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով․ նախարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
«Մամուլում վերջին օրերին տարածվող հրապարակումները, համաձայն որոնց չի իրականացվելու 2022 թվականի մարտի 3-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և հերթագրված ֆերմերներին խոստացել են հետ վերադարձնել վճարված գումարները, չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ։
Կոչ ենք անում զերծ մնալ գյուղատնտեսական տարվա անխոչընդոտ մեկնարկին վնասող և ապատեղեկատվություն տարածող հրապարակումներից․ դրանք կարող են հանգեցնել գյուղացիների և ֆերմերների մոտ պետական աջակցության ծրագրերի նկատմամբ անվստահության առաջացմանը, ինչի արդյունքում կարող եք վերջիններիս զրկել պետական աջակցության ծրագրերից օգտվելու և իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորությունից:
Ս․թ․ ապրիլի 9-ի դրությամբ ունեցած օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա և ՀՀ 8 մարզեր է մատակարարվել 2,550 տոննա պարարտանյութ (Արագածոտնի մարզ` 400 տոննա, Արմավիրի մարզ` 1,100 տոննա, Կոտայքի մարզ` 160 տոննա , Լոռու մարզ` 120 տոննա, Շիրակի մարզ` 340 տոննա, Վայոց ձոր` 80 տոննա, Սյունիքի մարզ` 300 տոննա, Տավուշի մարզ` 50 տոննա)։ Հարկ ենք համարում ընդգծել, որ պարարտանյութերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն և մատակարարումը ՀՀ մարզեր ընթացքի մեջ է․ ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում:
Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը իրականացվելու է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում»,-նշում են նախարարությունից։