«Ռեալը» հաղթեց գավաթակրին, «Վիլյառեալը» կանգնեցրեց «Բավարիային». ՉԼ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի հերթական խաղերն անակնակալ ավարտ ունեցան:
Գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»: Իսպանական ակումբը Քարիմ Բենզեմայի խփած երեք գոլերի շնորհիվ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց:
Ֆրանսիացի հարձակվողը երկրորդ անընդմեջ հեթ-տրիկն արձանագրեց լիգայի խաղերում: Նման արդյունք նախկինում գրանցել էին Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն 2016-17թթ, և Լուիս Ադրիանոն` 2014-15թթ:
«Չելսին» մինչ այդ 6 անընդմեջ հաղթանակ էր տարել սեփական դաշտում չեմպիոնների լիգայի շրջանակում, ընդ որում անգլիական թիմն այդ խաղերում գոլ բաց չէր թողել:
Իսպանիայում ընթացող զուգահեռ խաղում «Վիլյառեալը» սեփական դաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց Մյունխենի «Բավարիային»: Միակ գոլը 8-րդ րոպեին խփեց հոլանդացի Առնո Դանջումը:
«Վիլյառեալն» ընդհատեց գերմանական ակումբի արտագնա խաղերի անպարտելի շարքը չեմպիոնների լիգայում, որը կազմում էր 22 հանդիպում: «Բավարիան» նաև չկարողացավ առաջին անգամ գոլ խփել վերջին 30 խաղերի ընթացքում: Նման բան մյունխենցիների հետ տեղի էր ունեցել 2019 թվականի փետրվարին, «Լիվերպուլի» հետ խաղում (0:0):
Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին: