Երևանում նշվեց սպորտի միջազգային օրը
Աջակցիր «Ա1+»-ինՍպորտի միջազգային օրվա` ապրիլի 6-ի կապակցությամբ, այսօր «Այբ» դպրոցում տեղի ունեցավ թեմատիկ ասուլիս-քննարկում։ Միջոցառման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը:
Միջոցառման հյուրերի մեջ էին ոլորտի փորձագետներ, ազգային մարզական ֆեդերացիաների, մարզական կառույցների ներկայացուցիչներ, միությունների ղեկավարներ, ֆիզիկական դաստիարակության ծրագրերի իրագործմամբ զբաղվող այլ շահագրգիռ կողմեր։
Կարեն Գիլոյանն ասաց, որ սպորտն այժմ լուրջ խնդիրների առաջ է կանգնած` կապված պանդեմիայի և պատերազմների հետ: Նա ավելացրեց, որ նախարարությունն այժմ աշխատում է ոլորտի զարգացման ծրագրի կազմվան վրա, որը պատրաստ կլինի այս տարվա աշնանը:
Դավիթ Խիթարյանը նշեց, որ Հայաստանում այժմ կապիտալիստական հարաբերություններ են, իսկ սպորտը դեռևս շարժվում է նախկին, խորհրդային տարիների օրենքներով: Նրա կարծիքով, պետք է ոչ թե ունենալ սպորտի մասին օրենք, այլ` օրենսգիրք, որը կկանոնակարգի ոլորտի բոլոր հարցերը:
Արմեն Գրիգորյանը հավաստեց, որ ՀԱՕԿ-ն առաջին հերթին փորձում է զարգացնել պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի Հայաստանը պատշած մակարդակով ներկայանա օլիմպիական խաղերին:
Դավիթ Սահակյանը կարծում է, որ սպորտն անչափ կարևոր դեր է խաղում երեխաների ուսուցման և դաստիարակության հարցում, ուստի դրան պետք է մեծ տեղ հատկացվի դպրոցներում: Քրիսթինե Վայգանդն ասաց, որ իրենց համար կարևոնրն այն է, որ բոլոր երեխաների համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան զբաղվել սպորտով: Նա հույս ունի, որ այս հարցում պետությանը մեծապես կօգնի նաև մասնավոր սեկտորը:
Բանախոսների ելույթներից հետո հյուրերը նրանց հետ քննարկեցին սպորտի հետ կապված բազում հարցեր` սկսած մարզիկների սննդակարգից և վերականգնումից, վերջացրած դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերի վիճակով: