Բացել լրահոսը Փակել լրահոսը
060420223
A A
Պաշտոնական

Նիդերլանդների դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը՝ հայտնում է Դատախազությունը։

Ընդունելով պարոն դեսպանին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության խորացման համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև փոխադարձ վստահության հենքի վրա զարգացող միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը:

Արթուր Դավթյանը, բարձր գնահատելով առանձին կարևոր քրեական գործերով ՀՀ կողմից ներկայացված քննչական հարցումներին Նիդերլանդների իրավասու մարմինների գործընկերների կողմից պատշաճ ընթացք տալու հարցում դրսևորած շահագրգռությունը, գործընթացին լրացուցիչ օպերատիվություն հաղորդելը կարևորել է հատկապես ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության տեսանկյունից:

Նա նշել է, որ բազմաթիվ ակտիվներ, արժեքներ ապօրինի կերպով դուրս են բերվել Հայաստանից՝ այդ թվում նաև դեպի եվրոպական երկրներ: Ուստի եվրոպական երկրների, այդ թվում նաև` Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությունը կարող է էական նշանակություն ունենալ դրանք իր օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցում:

Դեսպան Սխերմերսը նշել է, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է ապահովել արդյունավետ հաղորդակցություն երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և ելնելով հայկական կողմի առաջնայություններից՝ շահագրգիռ են նպաստելու քրեական արդարադատության ոլորոտի բարեփոխումներին, դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության, անդրազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներն ու հնարավորությունները: 

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և ձևավորել համագործակցությունից բխող տեղեկատվության փոխանակման կայուն և շարունակական կառուցակարգեր: