Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան
A A
Պաշտոնական

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-չինական բարեկամության հիմքը դրվել է դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի պատմական ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվեց մշակութային և առևտրական սերտ համագործակցություն՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Երեք տասնամյակ առաջ՝ այս պատմական օրը, միջպետական հարաբերությունների հաստատմամբ մեր երկրների միջև գործակցությունը թևակոխեց նոր դարաշրջան:

Գոհունակությամբ պետք է նշել, որ ձևավորված ավանդական բարեկամական և գործընկերային կապերը հաստատուն և վերընթաց կերպով անշեղորեն զարգացան: Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալի արդյունքներ գրանցել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում` հասարակական, քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանության, հումանիտար:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ անհրաժեշտ ջանքեր գործադրել Հայաստա­նի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության կայուն ու հետևողական զարգաց­ման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»։