Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Քաղաքականություն

Եվրադատարանի որոշումն ընդդեմ ՀՀ-ի՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի գործով։  Ըստ պաշտոնական վարկածի՝2010 թվականի մարտի 15-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի զինծառայող Վալերի Մուրադյանը ինքնասպան է եղել կախվելու միջոցով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վալերի Մուրադյանի իրավահաջորդների հայցը բավարարել է մասնակի, բայց արձանագրել է, որ խախտվել  Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ Կյանքի իրավունքը, քանի որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել երիտասարդի կյանքը պաշտապանելու, հետագայում էլ մահվան հանգամանքները բացահայտելու համար։

 ՀՀ կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 20000 եվրո որպես բարոյական փոխհատուցում։

 «Հիմա կյանքի իրավունքի խախտման փաստով այս վճռից հետո, թեեւ արդեն ընթացքի մեջ է նախաքննությունը, պարտավոր են քննություն տանել։ Եվրոպական դատարանն էլ երկրորդ անգամ հաստատում է, որ պետությունը բացթողում ունի եւ պետք է պատշաճ քննություն տանի»,- ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Վալերի Մուրադյանի գործը վերաբացվել է, երբ 2019թ-ին Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ համաձայնագիր կնքեցին մի շարք քր․ գործեր վերաբացելու համար։

Հանձնաժողովն ավարտել է այդ գործի ուսումնասիրությունը եւ տվել  խորհրդատվական կարծիք։ Վալերի Մուրադյանի հագուստի վրա առկա են եղել սպիտակ հետքեր։ Հանձնաժողովն առաջարկել է պարզել, թե ինչ հետք է։

«Նախաքննության սկզբնական շրջանում ապացույցները չեն պահպանել, փաստաթղթային ապացույցները վերացրել են։ Հատկապես առաջին մեկ տարվա ընթացքում կարծես թե միտումնավոր ամեն ինչ վերացրել են։  12 տարի հետո հագուստների հետ կապված ինչ եզրակացություն են տալու փորձագետները, անկեղծորեն չեմ կարող ասել»,- ավելացնում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

  Նրա խոսքերով՝ խորհրդատվական եզրակացությունից հետո քիչ, թե շատ շարժն այն է, որ երկու անձանց նկատմամբ կալանավորումն է կիրառվել որպես խափանման միջոց, բայց այդ անձինք երկրում չեն, հետախուզում  է հայտարարվել նրանց նկատմամբ։