«Սասնա ծռեր»-ի գործը Վճռաբեկը վերադարձրել է
Աջակցիր «Ա1+»-ինՎճռաբեկ դատարանը վերադարձրել է «Սասնա ծռեր»-ի գործով բողոքները։
«Ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի կողմից 2022 թվականի հունվարի 8-ին ներկայացված բողոքի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքին կցված չեն բողոքի պատճենը դատավարության բոլոր մասնակիցներին՝ տուժողներին, տուժողների իրավահաջորդներին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին, ամբաստանյալներին և պաշտպաններին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը»,-նշված է որոշման մեջ:
Ըստ դատարանի որոշման՝ երկու բողոքներով պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, ուստի ներկայացված բողոքները ենթակա են վերադարձման:
Նույն հիմքով դատարանը վերադարձրել է նաեւ Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եզիազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի եւ Արայիկ Եզնիկի Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Հայրապետյանի ներկայացուցչի ներկայացրած վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար դատարանը սահմանել է 10-օրյա ժամկետ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները՝ Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվել էին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանըն եւ Արեգ Կյուրեղյանը 9 տարի 6 ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8 տարի 6 ամսվա ազատազրկման։
Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով։
Իսկ Սմբատ Բարսեղյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով երկու ոստիկանի սպանության համար։ Մեղադրողը միջնորդել էր երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին 21 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն էլ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Արմեն Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման եւ նա կալանքի վերցվեց հենց դատարանի դահլիճից։