Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba azat
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը առաջիկայում մեծ խնդրի առաջ է հայտնվելու. Հաբեթնակ Կուրղինյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է թիմի ելույթներից Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում, սակայն...

«Մենք լավ արդյունքներ ունենք, բայց մեծ խնդրի առաջ ենք կանգնած: Տարեց- տարի Հայաստանի առաջնությունների մասնակիցների քանակը պակասում է, ուստի չենք կարողանում պահել մեծահասակների և երիտասարդների առանձին հավաքականներ: Այդ երկու հավաքականները միասին են մարզվում և պատրաստվում մրցաշարերի: Դա սխալ գործընթաց է, քանի որ երկու հավաքականների պարագայում մրցաշարային օրացույցը բավական հագեցած է լինում տարվա ընթացքում:

Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, խոսել, քննարկել տարբեր կառույցների հետ, բայց արձագանքներ չկան: Մենք այսօր փաստորեն չունենք մեծերի հավաքականի ետևից եկող սերունդ, որի պատճառով առաջիկայում լուրջ խնդրի առաջ ենք հայտնվելու», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց մեր ընտրանու պատասխանատուն:

Հաբեթնակ Կուրղինյանը նաև ավելացրեց, որ իրենց գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը հաջող հանդես գալն է, որի համար թիմի կազմը նոր համալրում կստանա` հանձինս աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյանի, որը ծնկահոդի վիրահատության է ենթարկվել և այժմ վերականգնողական փուլում է:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճել էր ոսկե մեդալ, Արման Անդրեասյանը (70 կգ)` արծաթ, իսկ Մանվել Խնձրցյանը (57կգ)` բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը ճանաչվել էր չորրորդը։