Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Գյումրիում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում:

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Mercedes մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:

Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել Mercedes մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ:

Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել Nissan March մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ Nissan March-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ Mercedes-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Nissan March մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից Mercedes, այնպես էլ՝ Nissan March մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, ով Գյումրի քաղաքի՝ 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ Nissan March մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Քննչական կոմիտե