Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական Հասարակություն

Ասկերանի սահմանամերձ գյուղերի բնակիչները անվտանգության վերաբերյալ հարցեր են ուղղել Արտակ Բեգլարյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման ծրագրերին:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև որոշ հատվածներում ջրամատակարարման խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ միջոցառումներ:

Պետական նախարարը բնակիչների հարցումներին ի պատասխան՝ անդրադարձել է Հանրապետության անվտանգային, ներքին և արտաքին օրակարգերին վերաբերող մի շարք հարցերի:

Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը Հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ: