Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Լուիջի դի Մայոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու Իտալիայի շահագրգռվածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետը ողջունել է պարոն Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում: 

 

Լուիջի դի Մայոն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝  տնտեսության ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

 

Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում: 

 

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: 

 

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: 

 

Լուիջի դի Մայոն Իտալիայի աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը: 

 

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: