Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծխող
A A
Քաղաքականություն

«Հայաստան»-ի 2 պատգամավորներ հօգուտ ծխողների նախագիծ են դրել շրջանառության մեջ

Հակածխախոտային քաղաքականությունը հատել է խելամտության ու բանականության բոլոր սահմանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ու հավելել, որ իր ու գործընկերոջ՝ Արթուր Սարգսյանի կողմից Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է թույլատրել ծխախոտի կամ դրա փոխարինիչի օգտագործումը հանրային սննդի սպասարկման վայրերում։

«Հարգելի Հայրենակիցներ, Ծխելը վատ բան է, բոլորին խորհուրդ եմ տալիս չծխել: Բայց այս իշխանությունների կողմից հակածխախոտային քաղաքականությունը հատել է խելամտության ու բանականության բոլոր սահմանները. արգելվել են ծխախոտի, սիգարների, նարգիլեների և դրանց փոխարինիչների օգագործումը հանրային սննդի սպասարկման բոլոր վայրերում. ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:

Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս իշխանության վարքագիծը արդեն իսկ առաջացրել է լուրջ դժգոհություններ ինչպես հանրային սննդի կազմակերպիչների, տնտեսվարողների, այնպես էլ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում: Հաշվի առնելով վերը նշվածը, հայտնում եմ ձեզ, որ քիչ առաջ իմ և իմ գործընկեր Արթուր Սարգսյանի կողմից Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է թույլատրել ծխախոտի կամ դրա փոխարինիչի օգտագործումը.

1️⃣ բաթօթյա հանրային սննդի օբյեկտներում,

2️⃣ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտներում (սիգար, նարգիլե, կալյան ակումբեր)

3️⃣ հանրային սննդի այնպիսի օբյեկտներում, որոնք ունեն դրա օգտագործման համար առանձնացված և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան հատուկ տարածքներ:

Նախագծի նպատակը վարչարարության արդյունավետության ապահովումն է, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների, առավելապես ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտների արդյունավետ գործունեության իրավունքը:

Կրկին խորհուրդ եմ տալիս չծխել և հարգել չծխող մեր հայրենակիցների իրավունքները: Իսկ չծխող մեր քաղաքացիներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ բաց տարածքներում ծխախոտ վայելող մեր մյուս քաղաքացիներին: Սա է թելադրում հանդուրժողականության, միմյանց հարգելու, հասկանալու և ըմբռնումով մոտենալու ներքին համերաշխության կանոնը: Առողջ եղեք․․․ »,-գրել է Ղազինյանը։