Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի հանրահավաքով չենք բավարարվելու․ կա գործողությունների ծրագիր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հաշվի առնելով, որ խորհրդարանը ի վիճակի չէ քննարկելու իրական խնդիրներ, հրավիրում ենք հանրահավաքի։ Լրագրողների հետ ճեպազրույցում ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքի նպատակներն ու պատճառները ներկայացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս խորհրդարանը այս իրավիճակում ադեկվատ չի երկրի մարտահրավերներին»,- ընդգծեց նա։

Սաղաթելյանը նշեց, որ հանրահավաքը տեղի է ունենալու խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։

Հարցին, թե կազմակերպվող հանրահավաքը կապ ունի՞ ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, Սաղաթելյանը նշեց․ «Ինչ-որ կերպ նաև դրա հետ կապ ունի։ Տեղի են ունենում պրոցեսներ, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի որևե մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ հանրահավաքը դիմադրության դրսևորում է Հայաստանի պարտվողական և երկիրը դեպի անդունդ տանելու օրակարգին։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ մի հանրահավաքով չեն բավարարվելու՝ կա գործողություների ծրագիր։ Անդրադառնալով ընդդիմության առաջարկած ձևաչափով՝ ԱԺ նիստերի դահլիճում 107 պատգամավորի ներկայությամբ վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու հարցին, «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշեց, որ այն մերժվել է։

Նա նշեց՝ իշխանությունն առաջարկել է, որ հանդիպումը տեղի ունենա ԱԺ խորհրդի նիստում։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք էլ դեմ են իշխանության առաջարկին։ Ընդդիմությունը հիմնավորում է իր մերժումը խորհրդարանական երկրում հարցերը խորհրդարանում քննարկելու պնդմամբ։ Իշխան Սաղաթելյանը կարևորեց, որ հանդիպումից առաջ ցանկություն ունեն ծանոթանալ Արցախի շուրջ քննարկվող փաստաթղթերին և նամակագրությանը՝ հասկանալու համար թե ինչի շուրջ է իշխանությունը պատրաստվում բանակցել։