Բացել լրահոսը Փակել լրահոսը
BAO researchers
A A
Պաշտոնական Հասարակություն

Մեր գիտաշխատողները նեյտրոնային աստղերի ու գերխիտ նյութի մասին հոդվածներ են հրապարակել միջազգային ամսագրերում

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի վարիչ պրոՖ., ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյանը և նույն բաժնի գիտաշխատող Արուս Հարությունյանը հոդվածներ են հրատարակել Physical Review D և Particles միջազգային գիտական գրախոսվող ամսագրերում Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Ֆիզիկայի բաժնի վարիչ, տեսական ֆիզիկայի մասնագետ Մարկ Ալֆորդի հետ համատեղ։

Առաջին հոդվածը կրում է «Բարիոնային նյութի ծավալային մածուցիկությունը նեյտրինոների առկայության դեպքում», իսկ մյուսը՝ «Խտության բաբախումների մածուցիկ մարումը նեյտրոնային աստղերի միաձուլման երևույթներում» վերնագիրը։

Այստեղ հեղինակներն անդրադառնում են նեյտրոնային աստղերին, գերխիտ նյութի մածուցիկությանը, նյութական միջավայրերում առաջացած տատանումներին և այլն։

Վերջին տարիներին LIGO-Virgo դետեկտորները գրանցեցին գրավիտացիոն և էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց ճառագայթման հավանական աղբյուր են համարվում բախման արդյունքում միաձուլվող կրկնակի նեյտրոնային աստղերը։

Միաձուլումից հետո առաջանում է գերզանգվածեղ գերխիտ աստղ, որը ենթակա է մեծ չափով խտության տատանումների։ Այդ տատանումներն իրենց հերթին դառնում են նոր գրավիտացիոն ալիքների աղբյուր, որոնց գրանցումն ու ուսումնասիրությունը կարող է շատ արժեքավոր տեղեկություններ պարունակել գերխիտ նյութի կառուցվածքի մասին։

Ինչպես հայտնի է, նյութական միջավայրերում առաջացած տատանումները (օրինակ՝ ճոճանակի շարժումը) որոշ ժամանակ անց մարում են միջավայրի դիմադրության (մածուցիկության) պատճառով։ Եթե տատանումների մարումը բավականաչափ արագ է ընթանում, ապա այն կարող է ազդել ճառագայթված ալիքների դիտվող սպեկտրի վրա։ Սույն աշխատանքներում ուսումնասիրվում է գերխիտ նյութի մածուցիկությունը, որի միջոցով էլ գնահատվում է տատանումների մարման ժամանակը։

Որպես մածուցիկության հիմնական աղբյուր են դիտարկվում միջուկային նյութում թույլ փոխազդեցության հայտնի գործընթացները՝ նեյտրոնի տրոհումն ու էլեկտրոնի զավթումը, որոնց արագությունները կարելի է հաշվել տարրական մասնիկների ֆիզիկայի մեթոդներով։ Աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ միաձուլված օբյեկտում կան տիրույթներ, որտեղ միջավայրի մածուցիկության ազդեցությունը տատանումների վրա զգալի է, ուստի այն պետք է հաշվի առնել հետագա ուսումնասիրություններում։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան