Այսօր եռակողմ քննություն է հայկական ֆուտբոլի համար
Աջակցիր «Ա1+»-ինԸնդհանրապես շատ հազավադեպ է պատահում, որ մի երկրի ֆուտբոլի հավաքականները խաղերն անցկացնում են նույն օրում: Սակայն, Հայաստանի ֆուտբոլի համար մարտի 29-ը հենց այսպիսի օր է լինելու:
Հայաստանի ազգային հավաքակականն այսօր ընկերական խաղ է անցկացնելու Նորվեգիայի ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է Օսլոյում, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Թիմերը վերջին անգամ իրար հետ հանդիպել են 2000-2001 թվականներին: Այն ժամանակ մեր հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի էր խաղացել` 0:0, իսկ ահա սեփական դաշտում պարտվել էր 1:4 հաշվով: Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ առավելություն են տալիս Նորվեգիայի հավաքականին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2023թ առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում այսօր կհանդիպի Սերբիայի մինչև 21 տարեկանների ընտրանու հետ` նրա իսկ հարկի տակ: Երևանում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է սերբ ֆուտբոլիստների խոշոր հաղթանակով` 4:1: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն մոտ 16 անգամ բարձր են գնահատում դաշտի տերերի հաղթանակի հնարավորությունները` 1,18 գործակից` 18,00-ի դիմաց: Սույն հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:
Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր կանցկացնի իր վերջին հանդիպումը Եվրոպայի 2022թ առաջնության էլիտ ռաունդում: Ավաղ, մեր թիմը նախորդ երկու խաղերում պարտվել է Պորտուգալիային ու Անգլիային և ժամանակից շուտ դուրս է մնացել ուղեգրի համար պայքարից: Այսօր մերոնք կհանդիպեն խմբի մյուս ետնապահի` Իռլանդիայի հետ, որը նույնպես երկու պարտություն է կրել մեկնարկում: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերները դարձյալ 16 անգամ բարձր են գնահատել իռլանդացիների հաղթանակի շանսերը: Խաղը կսկսի ժամը 22:30-ին: