Բացել լրահոսը Փակել լրահոսը
274718888_284551677197105_4116341602521945107_n
A A
Պաշտոնական

Փառուխ Ադրբեջանի զինուժի ներխուժումը այդ երկրի հանցավոր պետական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Ասկերանում ստեղծված իրադրությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։

Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։

Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։

Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։

Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ «Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»: