Հոգիս էլ այստեղ կփչի մինչև մեղավորները չպատժվեն․ որդեկորույս մայր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Կառավարության դիմաց սևազգեստ մայրերը, որոնց որդիները ծառայության ժամանակ մահացել են, բողոքի ակցիա էին իրականացնում։
2010 թվականին սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը, ով Արմավիրից հասել է Երևան, ասում է, որ իր տղային մի հոգի չի սպանել, այլ դա եղել է խմբակային սպանություն։
«Քանի այդ անձինք չեն ձերբակալվել, օրենքի ողջ խստությամբ՝ ցմահ չեն պատժվել․․․ես պահանջում եմ ցմահ դատապարտել բոլոր մեղավորներին: Ես չեմ հանգստանալու, չեմ նստելու։ Գալու եմ այնքան ժամանակ՝ էն հոգիս էլ այստեղ կփչի, մինչև մեղավորները չպատժվեն»,- ասում է Վալերիկ Մուրադյանի մայրը՝տիկին Նանան։
Արթուր Ղազարյանի մայրն էլ ասում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին իր տղային մահացած բերել են Մուրացանի հոսպիտալ։
« 12 տարի է դառնում։ Մենք ճշտի համար պայքարում ենք։ Մատները մատներին չեն խփում։ Ոչ մի գործ չեն անում։ Նույնությամբ ինչպես տիկին Նանան ասեց, եզրակացությունները տվել են ձեռներս, բայց ոչ մեկ չի ուզում այդ գործին ընթացք տալ»,- ասաց Արթուր Ղազարյանի մայրը՝ նշելով, որ պատասխանատուները բոլորն էլ իմացել են այդ մասին, բայց կոծկել են՝ « ոչ մեկին ձեռ չի տալիս զինվորի գործը բացահայտել։
Տիգրան Օհանջանյանի մայրն էլ ասում է, որ 2007 թվականին խաղաղ պայմաններոմ սպանել են որդուն և նշում, որ մինչ օրս գործը չի փակվել։
«Ճիշտ է՝ գործը դատարան է մտել Արդարացման դատավճիռ եմ ստացել։ Մեղադրանքը դատարանում տապալվել է։ ՈՒմ մեղադրել են՝ նրան արդարացրել են, որովհետև սխալ քննություն են արել»,- ասում է Տիգրան Օհանջանյանի մայրը նշելով՝ «Այո, նախկիններն են սպանել մեր որդիներին, նախկիններն են սխալ քննություն արել։ Ներկայիս իշխանությունները նախկինները սխալները հանելով ապացուցում են, որ այո իրենք կատարել են գործողություն․․․ես 15 տարի պայքարում եմ արդարությունը վեր հանելու համար»։
Որդեկորույս մոր խոսքով՝ այսօրվա դրությամբ երեք գործերն էլ քննչական կոմիտեում է։ «Այսօրվա իշխանությունը գիտի՝ ով է հանցագործը, մեր երեխեքին սպանողներին գիտի։ Թող պատասխանատվության երնթարկի»,- ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը։ Մանրամասները՝ տեսանյութում։