Բացել լրահոսը Փակել լրահոսը
7171
A A
Տնտեսություն Պաշտոնական

Հայաստանը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Նախարարն իր խոսքում կարեւորել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի  համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձեւավորված կառուցողական փոխգործակցության համար:

Շեշտելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցությունը կարեւոր ուղենիշ է միջազգային ներդրողների համար, նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ Հայաստանի համար կարեւորագույն ծրագրերում:  Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգն ու հիմնական ուղղությունները:

Արիֆ Բահարուդինն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համատեղ բազմամյա աշխատանքի համար, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է եւ Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերներից մեկն է:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն