Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ․ ո՞ւր է Ձեր նախարարը․երկու հանձնաժողովների համատեղ նիստը հետաձգվեց (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որի կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ:

Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Բանախոսի հավաստմամբ` հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:

Այնուհետեւ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է ՀՊ-ի կողմից արձանագրված անհամապատասխանությունները: Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ պակաս վճարման դեպքեր:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անընդունելի է համարել հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների գրանցված գերավճարները, սա այն դեպքում, երբ այդ ծառայություններից օգտվողների քանակը հստակ է:

Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը տեղեկացրել է, որ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած պարզաբանումները ՀՊ-ի արձանագրությունների վերաբերյալ տեխնիկական պատճառներով տեղ չեն հասել:

«Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ՝ ո՞ւր է ձեր նախարարը, կոնկրետ հարց եմ տալիս՝ ո՞ւր է ձեր նախարարը․ սա խորհրդարանական պետություն է, խորհրդարանը ձևավորել է կառավարություն, դուք պատասխանատու եք խորհրդարանի առաջ։ Դուք եկել եք՝ ձեր գործատուի առաջ և հաշվետվություն եք տալիս. հստակ հարց եմ տալիս՝ ո՞ւր է ձեր նախարարը։ Ոչ թե անհասկանալի, այլ վիրավորական բան է տեղի ունենում»,- ասաց Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանը։ Նա առաջարկել է հետաձգել նիստը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կողմ է արտահայտվել առաջարկին եւ ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին` հարթելու երկուստեք արձանագրած անհամապատասխանությունները:

Հարցի քննարկումը հետաձգվել է: