Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանն ամփոփում է ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները Մաթեմատիկայի միջազգային օրը՝ մարտի 14-ին, ամփոփել են ՄԱԹԵՄարդ արշավը։ ՄԱԹԵՄարդի նպատակն է դեռահասների ու երիտասարդների, հատկապես՝ աղջիկների շրջանում նպաստել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) կրթությանն ու կարիերային՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»։

2021 թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածքի զեկույցի համաձայն՝ STEM բնագավառում կանանց և աղջիկների ներգրավվածությունը Հայաստանում կազմում է 10.16 տոկոս, իսկ տղաներինը՝ 22.50 տոկոս։

«ՄԱԶԾ ImpactAIM-ի շրջանակում մենք մշակել ենք Աքսելերատոր#5 ծրագիրը՝ ուղղված կայուն զարգացման հինգերորդ նպատակին։ Աքսելերատոր#5-ը վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԻԼՏԿ հիմնադրամի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի հետ գործակցաբար Հայաստանում խրախուսել է ավելի քան 1000 աղջիկների ու երիտասարդ կանանց կրթությունն ու կարիերան STEM բնագավառում։

ՄԱԹԵՄարդն արշավ է, որը մեր երկրում մղում է հարյուրավոր երիտասարդների մուտք գործել STEM ոլորտ», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

«ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում փետրվարի 21-25-ը Երևանում, իսկ փետրվարի 28-ից մարտի 4-ը Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց մասնակցում էին Աքսելերատոր#5 ծրագրի շրջանավարտները՝ 10-14 տարեկան 40 աղջիկ։

Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի և երիտասարդ կին մենթորների ուղղորդմամբ սովորել են էին կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

«Այսօր դպրոցներում ավելի շատ աղջիկներ կան, քան երբևէ, բայց նրանք միշտ չէ, որ ունենում են իրենց ընտրությամբ կրթություւն ստանալու այն նույն հնարավորությունը, որն ունեն տղաները։ Շատ հաճախ կանանց և աղջիկներին հետ են պահում նախապաշարմունքներն ու սոցիալական նորմերը, որոնց պատճառով նրանք չեն կարողանում մուտք գործել կրթության այն ոլորտ, որում մեծ ներուժ ունեն։ Աղջիկները պատշաճ ներկայացված չեն հատկապես STEM բնագավառում։ Հետևաբար՝ նմանօրինակ նախաձեռնություններով STEM ոլորտ աղջիկների և կանանց մուտքը խրախուսելը կարևոր հրամայական է։ Ահա թե ինչի մասին է ՄԱԹԵՄարդը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«Մաթեմատիկան գիտություն է, որը ճանապարհ է բացում դեպի մյուս գիտություններ։  Սակայն, ցավոք, մենք դեռևս ունենք հանրային կարծրատիպեր, ըստ որոնց՝ STEM ոլորտում առավել մեծ ընդունակություններ ունեն տղաները։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է առաջ տանել գաղափարը, որ մաթեմատիկան կարևոր է, և աղջիկները ևս պետք է մուտք գործեն մաթեմատիկայի ոլորտ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Արշավի շրջանակում ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթեն կազմակերպել, որին մարտի 2-9 ավելի քան 300 պատանի է մասնակցել։

Մրցույթի հաղթողները հայտնի դարձան այսօր՝ մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը կայացած միջոցառման ընթացքում։ Լավագույն լուսանկարների հեղինակները ստացել են հատուկ մրցանակներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։

 

 
###
ՄԱԹԵՄարդ արշավը Աքսելերատոր #5 ծրագրի բաղադրիչն էորը նպատակ ունի խրախուսել Հայաստանում կանանց և երիտասարդ աղջիկներին իրենց առաջին քայլերը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագիրը նախաձեռնել է ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԻԼՏԿ հիմնադրամի հետ համատեղ։ Աքսելերատոր #5 ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COVID-19-ի արձագանքման և հետևանքների վերացման բազմագործընկերային նպատակային  հիմնադրամի (COVID-19 MPTF) կողմից: