Բացել լրահոսը Փակել լրահոսը
բուք
A A
Պաշտոնական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքների, Սպիտակի և Սյունիքի մարզի Տաթևի ոլորանների (բեռնատարների համար) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզում և Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի) տեղում է ձյուն:

Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։