Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը» (տեսանյութ)

Մշակույթ
0f1e829bc185527a3440c2b04f9c45a1

Մհեր Մկրտչյանի 80-ամյակի առիթով նրա հիմնադրած արտիստական թատրոն հուշ-երեկո էր: Ներկայացվեց համահեղինակներ Հովհաննես Պապիկյանի ու Շուշանիկ Սահակյանի «Լուսեղեն մի կյանք» ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր հոկտեմբերին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Մհեր Մկրտչյանի մասին գրքեր են գրում ու ֆիլմեր նկարում ու խոսում նրա ողբերգության մասին, խոսում նաև խաղացած դերերի ու խաղաոճի մասին, անվանում նրան թախծոտ աչքերով ծաղրածու, լեգենդ ու ամենաժողովրդական արտիստ: Տուրք մատուցում ուրախ ու տխուր մարդու տաղանդին, նշում հոբելյանն ու հիշատակում:

Հովհաննես Պապիկյանի ու Շուշանիկ Սահակյանի «Լուսեղեն մի կյանք» էլ գալիս է համալրելու այս շարքն ու փորձում վիրտուալ կապ ստեղծել Մեծ Արտիստի ու հանդիսատեսի միջև ու սպասում այն գրողին, լրագրողին կամ ռեժիսորին, ով կփորձի առավել ներկայացնել հայի լավագույն տեսակի շնորհներով օժտված մեծ դերասանին, որի կնքահայրը կինոյում դարձավ Հենրիկ Մալյանը, որին բեմում տիրական պահվածքի տեր դարձրեց Վարդան Աճեմյանը:

Արտիստի, որն ինչպես ասում էր Հրանտ Մաթևոսյանը, կոչված էր այս երկրի՝ «Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել»:

Ու թե շարունակվեր նրա ստեղծագործությունը՝ այսօր մեր միջավայրն այսքան խեղճ ու չար չէր լինի, թե շարունակվեր այդ կյանքը՝ աշխարհի համար մենք ավելի լավը կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթև և մեր սրտերը բաց կլինեին...

Ռուզաննա Մկրտչյան