A
A
Արցախի պաշտոնյաների՝ իրենց ընտանիքներին ՀՀ տեղափոխելու լուրերը ուսումնասիրվում են․ Արցախի ԱԱԾ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։ Հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։
Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է։
Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ՝ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է:
Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից:
Արցախը ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է...»։