Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Կոնյակը միշտ էլ եղել է քաղաքական գործիք Հայաստանին ճնշելու համար․ ՀՀ գինեգործների միության նախագահ (տեսանյութ)

Շատ լուրջ իրողության հետ գործ ունենք։ Ռուսաստանը պատմականորեն գինու և կոնյակի մեր առաջին գործընկերն է։

 

«Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ ռուսական շուկայում հայկական կոնյակը կազմում է 85-90 տոկոս, իսկ գինին՝ նվազագույնը 70 տոկոս։

«Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Բելառուսն ու ՈՒկրաինան։ Այս երեք հանրապետությունները վերցնում են մեր արտահանման առյուծի բաժինը։ Արդեն պարզ է՝ ինչ իրավիճակի առաջ ենք մենք կանգնած»,- ասաց Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ հարցը պետք է դիտարկել մի քանի ասպեկտով, թե ինչ կլինի, երբ պատժամիջոներն ամբողջությամբ սկսեն գործել։

 

Արդեն փաստ է՝ շուրջ տասը օր է՝ չի արտահանվում ոչինչ։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ

նոյեմբեր-դեկտեմբերի ամիսների ամենամեծ արտահանումից հետո ստանում ենք դրանց վճարումները։ Հիմա պատկերացրեք՝ այդ վճարումները չկան, ռուբլին արժեզրկվել է։ Իրենք ձևափոխում են իրենց տնտեսությունը»,- ներկայացնելով իրավիճակը բացատրում է Հայաստանի գինեգործների միության նախագահը ու ընդգծում, որ Ռուսաստանը վաղուց է սկսել  ձևափոխել իր տնտեսությունը՝ սկսած 2014 թվականից՝ ստեղծելով պարենային անվտանգության նոր կոնցեպտ։

 

«Եթե անգամ այս պատերազմը չլիներ, Հայաստանը կամաց-կամաց դուրս էր մղվելու ռուսական շուկայից և քչանալու էր մեր տեսակակար կշիռը»,-պարզաբանեց Ավագ Հարությունյանը՝ հուսադրելով՝ «ցանկացած ճգնաժամ իր լավ կողմն էլ ունի։ Ցանկացած ճգնաժամ դուռ է, մոտիվացիա է նոր իրականության մեջ դրսևորվելու, ելքեր փնտրելու համար»։

 

Ավագ Հարությունյանը պատմական էքսկուրս է իրականացնում՝ պատմելով Հայաստանի նախկին չորս ճգնաժամերը՝ կապված ռուսական ռուբլու հետ՝ ներկայացնելով դրանց հաղթահարման ուղիներն ու ելքերը, հույս հայտնելով՝  հինգերորդ ճգնաժամն էլ կհաղթահերենք։

 

«Այսօր ավելի վտանգավոր է, քան նախկինում, քանի որ ամբողջ աշխարհը միահամուռ ուզում է, որ Ռուսաստանը չլինի։ Միանշանակ չի կարելի ասել, որ Ռուսաստանի դեմ սանկցիաներ են, դրանք մեր գործընկերների դեմ սանկցիաներ են, որոնք ուղիղ խփում են մեզ»,- բացատրում է Ավագ Հարությունյանը նշելով, որ տեսականորեն մենք կարող ենք այլ ճանապարհներ գտնել, բայց կապերը շատ խորն ու բազմաֆունկցոնալ են՝ «լավագույն սցենարի պարագայում մենք դեռ երկար կզգանք այդ սանկցիաների հետևանքները»։

 

Ըստ Ավագ Հարությունյանի՝ Ուկրաինայի վերականգնումը կկատարվի ռուսական սառեցված միջոցների հաշվին, որը կազդի մեր արտահանումների և ներմուծումների վրա։

 

«Բուն ռազմական գործողությունը գուցե կարճ տևի, բայց տնտեսական հետևանքների վերաձևումն ու վերականգնումը կտևեն տարիներ։ Այս պարագայում պետությունը պետք է ստրատեգիական պաշարներ ստեղծի, պետք է վերանայի իր տնտեսական քաղաքականությունը և պետք է անցի օպերատիվ կառավարման՝ ստեղծելով օպերատիվ շտաբ»,- ասաց Ավագ Հարությունյանը՝ հավելելով՝ «ցավոք սրտի այս կառավարությունը չի դիմում մասնագետների օգնությանը։

 

Այս համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը Հայաստանի գինեգործների միության նախագահը օրինակ է բերում հարևան Վրաստանին և նշում, որ նրանք ունենալով մեզանից 10 անգամ ավելի շատ արտադրություն և ունենալով շատ լավ հարաբերություններ Թուրքիայի հետ վերջին տասը տարվա ընթացքում մեկ շիշ վրացական գինի կամ կոնյակ Թուրքիայով չեն արտահանել։

 

Ավագ Հարությունյանն այս հանգամանքը կապում  է թուրքական օրենքների խստությամբ և Թուրքիայի տնտեսության վրա հոգևոր էլեմենտի ազդեցության հետ, ընդգծելով՝ «հայ-թուրքական սահմանների բացումը ոչինչ չի տա Հայաստանի կոնյակագործությանը։ Ընդհակառակը մենք այդ դեպքում գործ կունենանք էժան շուկայի և աշխատուժի ներթափանցման հետ»։

 

Վերադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ավագ Հարությունյանը շեշտում է՝ «կարճաժամկետ ապագայում մենք վնասներ կկրենք, բայց երկարաժամկետ առումով մենք շահող դուրս կգանք, որովհետև կոնյակը մերը չէ։ Կոնյակը միշտ էլ եղել է քաղաքական գործիք Հայաստանին վերահսկելու, ճնշելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։