Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է՝ առանց հիմնավորման

«Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից:

Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը:

Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է նախագահ Հարությունյանը և հանձնարարել գործադիր իշխանության պատասխանատուներին համապատասխան միջոցներ կիրառել բնակչության անվտանգության ու բնականոն կենսապահովման համար: