Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ես շատ կցանկանայի, որ այդ վատ գիծը մեր միջից դուրս գար»․ Անահիտ Կիրակոսյան (տեսանյութ)

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան։

«Ֆիլմը օտար երկրում հայ մնալու, հայ զգալու մասին է։ Հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է»,- ասում գլխավոր դերակատարներից Յուրի Մելիքովն ու հավելում, որ ֆիլմում խաղում է ինքն իրեն։ Մասնագիտությամբ երաժիշտ Յուրին ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքը տեղափոխվել է Կիպրոս։

Նրա միտքը շարունակում է ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը։. «Բացառիկ ֆիլմ է այն առումով, որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են։ Սա պատմություն է Հայրենիք- Սփյուռք կապի մասին»։

«Ա1+»-ի հարցին, թե ինչպես պետք է կարողանա պահել ինքնությունը օտար երկրում ծնված ու մեծացած հայի երրորդ, նույնիսկ արդեն չորրորդ սերունդը, Հարություն Ղուկասյանը պատասխանեց ժպիտով ․

«Լավ կլինի, որ գան Հայաստան։ Մեր ֆիլմի անվանումն էլ հենց «Վերադարձ» է»։

Իսկ որքանո՞վ հանդուրժող ենք մեր այն հայրենակիցների հանդեպ, որոնք որոշում են հաստատվել պատմական հայրենիքում` հարցին, դերասանուհի Անահիտ Կիրակոսյան համաձայնեց, որ ունենք այս խնդիրը․

«Մենք սիրում ենք մասնատել։ Մենք նույնիսկ մարզերի ենք բաժանում, ինչ մարզերի, թաղամասերի նույնիսկ, ուր մնաց այլ երկրից եկածի դեպքում։ Ես շատ կցանկանայի, որ այդ վատ գիծը մեր միջից դուրս գար։ Եվ, ինչու ոչ նաև նման ֆիլմերի միջոցով»։

Հիշեցնենք, որ ֆիլմը հայ-կիպրական համատեղ արտադրության է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում,Կիպրոսում: «Հազարավոր կիլոմետրերով մայր հայրենիքից հեռու, սակայն հայրենիքի եվ սիրած աղջկա հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը ստիպում է սփյուռքում ծնված եվ մեծացած հայազգի երիտասարդին գնալ անձնազոհության եվ կյանքը վտանգելով, իսլամական ահաբեկիչների գերությունից փրկել սիրիահայ ընտանիքի անդամներին։

Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիմքի վրա: Գլխավոր դերակատար կիպրոսաբնակ դերասան Յուրի Մելիքով: Ռեժիսոր Արման Գևորգյան,սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյան: Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյան, Դիանա Մալենկո, Լուիզա Ղամբարյանը,Անահիտ Կիրակոսյանը, Արսեն Լևոնյանը:

Դիտեք պրեմիերայից առաջ ասուլիսը։