Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մարտական վիճակի բերված նռնակով զինված տղամարդը վնասազերծվել է, բերման ենթարկվել ու ձերբակալվել (տեսանյութ)

Մարտի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում վիճել է մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ։ Այդ ընթացքում խփել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։

Տուժած տղամարդը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20.05-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու։

Տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին «Ֆ-1» տիպի նռնակ կար՝ բերված մարտական վիճակի։

Իրավապահների մեկ ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։

Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը նռնակը նետեց տարածքից դուրս։ Նռնակը պայթեց անվտանգ վայրում՝ չվնասելով ոչ անձանց, ոչ որևէ գույք:

Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։