Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Տնտեսություն Հասարակություն

Մարտի 1-ից ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել թիրախային հսկողության

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:

Ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության: Ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տևողությունը։ Նախկինում գործող ընթացակարգի համաձայն, այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսվարողը նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի ծածկագիրը:

Նոր փոփոխությամբ՝ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով: Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին դրսևորել բացառապես օրինապահ վարքագիծ: Մաքսային ձևակերպումներն առաջին մեթոդով (գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով և խուսափել տարատեսակ անհարմարություններից:

Մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված էր որոշ ապրանքների դասակարգման խնդրահարույց լինելուց և բարդությունից (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ և այլն): Այսպես, նոր փոփոխությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի և մաքսային արժեքների վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին