Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_9008
A A
Պաշտոնական

Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին՝ հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը: Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար:

Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ: Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը: